16/09/2019 10:55
Բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և КамАЗ մակնիշի բեռնատարը. փրկարարները դուրս են բերել ամբողջովին մոխրացած 3 դի
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և КамАЗ 53213 մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռնկվել: Հրշեջները, մարելով կրակը, BMW-ում հայտնաբերել են վարորդի և 2 ուղևորների՝ ամբողջովին մոխրացած դիերը:
Փրկարարները 1 ժամից ավելի տանջվել են և հատուկ տեխնիկայի միջոցի օգտագործմամբ կարողացել են ավտոմեքենան մասնատել, որպեսզի դիերը դուրս բերեն: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդը Պարսկաստանից էր վերադառնում, ուղևորներն էլ մայր ու դուստր էին, ու նրանք բնակվում էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Կայքի տեղեկություններով՝ մահացածներն են Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանը, 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանը, Արարատի բժշկական կենտրոն են տեղափոխվել КамАЗ-ի վարորդ Ռ. Ադամյանը և նրա ուղևոր՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Գևորգ Սարգսյանը։