17/09/2019 11:39
Ծախսերը չի փակում, 100 դրամով որակյալ տրանսպորտ ունենալ չենք կարող. «Bus Voyage»-ի տնօրեն
Դեռևս երկու ամիս առաջ մասնավոր ընկերություններից մեկը՝ «Bus Voyage»-ը, քաղաքային տրանսպորտի բարելավման նպատակով մեծ, հարմարավետ ավտոբուսով ժամանակավոր ուղևորափոխադրում էր իրականացնում Երևանում։
Ավտոբուսի վարորդը, որ նաև ընկերության տնօրենն էր, նշել էր, թե պետք է հասկանալ, ինչպիսին կլինի եկամտաբերությունը, արդյոք 100 դրամ ուղեվարձով հնարավոր կլինի՞ դիզվառելիքով շահարկվող ավտոբուսի ծախսերը փակել։
Պարզվում է՝ ոչ։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանն ասաց, թե 100 դրամով նմանատիպ բարձրորակ երթուղայիններ ունենալ չենք կարող։
«Ծախսերը չեն փակվում, 100 դրամով նմանատիպ որակ ունենալ չենք կարող։ Եթե բնակչությունն ուզում է, որ որակով տրանսպորտ լինի, պետք է ուղեվարձը թանկանա, գոնե 150 դրամ դառնա», - ասաց նա։
Մանուկյանի խոսքով՝ մարդիկ տրանսպորտի վատ վիճակի պատճառով ստիպված են լինում տաքսի ծառայություններից օգտվել, ավելի շատ գումար ծախսել.
«Իսկ այս դեպքում ընդամենը 50 դրամ ավելի վճարելով, ավելի որակյալ տրանսպորտից կօգտվեն՝ խնայելով նաև գումար»։
Այդուհանդերձ, Հովհաննես Մանուկյանը, որ այժմ արդեն Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարն է, Aysor.am-ին ասաց, թե նախորդ՝ 26 համարի փորձնական երթուղու փոխարեն, որը Նոր Նորքից դեպի Հարավ-Արևմտյան թաղամաս էր գնում, մոտ ժամանակներում երթուղի դուրս կգա նոր ավտոբուս, այս անգամ արդեն Դավթաշենից դեպի Նորք Մարաշ։