17/09/2019 12:02
Բակո Սահակյանի մասնակցությամբ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում բացվել է դպրոց
Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնք, որտեղ կայացել է հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է «Հայրենասեր» հասարակական կազմակերպության ժողոված հանգանակության միջոցով։
Կրթօջախն անվանակոչված է 2016 թ․ ապրիլյան պատերազմում 6-րդ պաշտպանական շրջանի N մարտական դիրքի պաշտպանության ժամանակ մարտիրոսված հետախուզական դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անունով։
Միջոցառմանը մասնակցել են նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, հերոս Մ․ Ստեփանյանի ընտանիքը, «Հայրենասեր» հկ-ի համահիմնադիր Նելլի Մարտիրոսյանը, Բերձորի սբ․ Համբարձման եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, համայնքի բնակիչներ և հյուրեր։
Իր բարեմաղթության խոսքում Տեր Բենիամինը շնորհավորել է ներկաներին նման կրթօջախի բացման առթիվ՝ մաղթելով այնտեղ ուսանող աշակերտներին ստանալ այնպիսի կրթություն, որ թույլ կտա ծաղկեցնել իրենց հայրենիքը և շրջանը։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորը նաև արևշատության և գոտեպնդության խոսք է ուղղել «Հայրենասեր» հկ-ի համահիմնադիրներ տեր և տիկին Ստեփան Սարգսյանին (ներկայումս՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար) և Նելլի Մարտիրոսյանին տարիներ շարունակ Քաշաթաղի շրջանում դպրոցաշինության ծրագրի իրագործման և հետագա շարունակման համար։