17/09/2019 15:38
Օրբելյանի հայտարարությունը դատապարտված է օդում կախված լինելու. Մեղադրող դատախազ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 1-ի գործով դատական նիստում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությանը՝ նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու մասին։
«Այն հանգամանքը, որ անձը նախկինում զբաղեցրել է պետական պաշտոն, Վերաքննիչ քրեական դատարանը իրավացիորեն հանգել է օբյեկտիվ հետևության, որ գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկերը չափազանց բարձր են», - իր ելույթում հայտարարեց Պետրոս Պետրոսյանը։
Նրա ներկայացմամբ՝ Քոչարյանի նախկին դիրքը, ֆինանսական միջոցները, շրջապատը կարող են նրա՝ կալանքից ազատվելու դեպքում ազդել քրեական գործով անցնող անձանց վրա։
Դատախազը պնդեց, որ ազատության հետ կապված որևէ խափանման միջոց այս փուլում չի կարող ապահովել Ռոբերտ Քոչարյանի «պատշաճ վարքագիծը»։
«Գրավի թույլատրելիության հարցը չի կարող զսպել մեղադրյալի պատշաճ վարքագիծը», - ասաց դատախազ Պետրոսյանը։
Մյուս մեղադրյալ Գևորգ Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ու նրա պաշտպանների հայտարարությանը, թե վկաների ցուցմունքները մեղադրանքի հետ որևէ առնչություն չունեն. «Չեմ ուզում գործընթացից առաջ ընկնել, հրապարակել ցուցմունքների բովանդակությունը ու դրանց ուղիղ կապը մեղադրանքի հետ, բայց պնդում եմ, որ մենք դա տեսնելու ենք։ Տեսնելու ենք հենց հատկապես քրեական գործի իրավական կողմը»։
Բաղդասարյանը, մեկնաբանելով Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հայտարարությունը դատավորին այցելելու մասին, հայտարարեց. «Ես հայտարարում եմ, որ շատ եմ հետաքրքրված դատավորին այցելելու մասին պարոն Օրբելյանի հայտարարությամբ։ Բայց եթե հայտարարության մեջ փաստաբանն ասում է, թե օդում կախված լուրեր են, ապա դրանք դատապարտված են օդում կախված լինելու»։
Բացի այդ, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը դատախազներին հորդորեց հետազոտել Արամ Օրբելյանի հայտարարությունը։
«Դատախազության ներկայացուցիչներին խնդրում եմ պարոն Օրբելյանի հայտարարությունը պնդելու և դրան համապատասխան հետազոտություններ կատարելու պատրաստակամության պարագայում ձեռնամուխ լինեն այդ հարցի հետազոտմանը», - դիմելով մեղադրող դատախազներին՝ ասաց Եգորյանը՝ հավելելով.
«Շարունակելու եմ պնդել, որ բոլոր նման հայտարարությունների կապակցությամբ իրականացվեն համապատասխան գործողություններ։ Հակառակ դեպքում դրանք համարելու եմ մերկապարանոց»։
Հիշեցնենք՝ Օրբելյանը դատարանում հայտարարել էր, թե օդում կախված լուրերի համաձայն խափանման միջոցի որոշումը հրապարակելուց առաջ դատավորին կառավարությունից այցելություններ են եղել։
«Չեմ ուզում անդրադառնալ օդում կախված լուրերին՝ Ձեզ կատարած այցելությունների հետ կապված տարբեր մարդկանց կողմից։ Չեմ ուզում անդրադառնալ։ Ընդամենը ասում եմ, որ օդում կախված լուրեր կան, որ այսօրվա կառավարության անդամներից Ձեզ այցելություններ են կատարել...», - ասել էր Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։