17/09/2019 18:25
Օրվա իշխանության կողմից փորձ է արվում իշխանությունը մինչև վերջ ուզուրպացնել. փաստաբան
Նոր իշխանությունների մոտ վաղուց արդեն նորմա է դարձել, որ անկախ լիազորություններից և օրենքի կարգավորումներից՝ նրանք հայտարարեն այն, ինչի մասին ուզում են հայտարարել։ Այլ կերպ ասած՝ լիազորություններն ու օրենքներն իշխանական որոշ գործիչների համար չորրորդական բաներ են։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի երեկվա հայտարարությանը։
«Ինձ համար կասկածելի են Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող բոլոր զարգացումները։ Հռետորական հարց հնչեցնեմ. եթե Հրայր Թովմասյանը որոշում կայացներ և մամուլի ասուլիսում ասեր՝ «Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, նա պետք է նստի», ի՞նչ եք կարծում՝ սրան կհետևե՞ր իշխանության արձագանքը, թե՝ «Հարգելիս, հո չե՞ս գժվել, Սահմանադրական դատարանի նախագահն ես, այս ի՞նչ ես խոսում»։ Ոչ, ծափ էին տալու, ասելու էին՝ «Գտանք մեր սրտի ՍԴ նախագահին»։
Ամեն ինչ պտտվում է մեկ քրեական գործի և այն գաղափարի շուրջ, թե արդյոք իշխանությանը հաճո՞ ես։ Մնացածը տեխնիկայի հարց է», - ասաց մեր զրուցակիցը։
Երվանդ Վարոսյանի խոսքով՝ երբ կարդում ես Սահմանադրական դատարանի մասին օրենքը և լսում իշխանական պատգամավորի հայտնի հայտարարությունը, իսկապես դժվար է հասկանալ՝ ինչ է Ուլիխանյանն ուզում ասել։
«Օրվա իշխանության կողմից փորձ է արվում իշխանությունը մինչև վերջ ուզուրպացնել։ Թե ինչքանով դա նրանց կհաջողվի, ժամանակը ցույց կտա։ Բայց անկախ նրանից՝ ով է իշխանության, իշխանության ուզուրպացումը ոչ մի լավ բանի չի բերելու», - ամփոփեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը երեկ հայտարարել էր, որ ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր, որ միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ «Ի հեճուկս ԱԺ-ի գործող պաշտոնյա չի կարող լինել և վերջ։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է», - նշել էր նա։