19/09/2019 13:11
Որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու. վարչապետ
Այսօր կառավարության հերթական նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին որոշման նախագիծը:
Նախարարը տեղեկացրեց, որ զրավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ արդյոք նման ծավալի միջոցառում նախկինում ևս անցկացվել է, թե սա աննախադեպ երևույթ է։
Նախարարը պատասխանեց, որ նման մասշտաբով չենք ունեցել, սակայն կարևորեց, որ ամեն ինչ տեղի է ունենում միջազգային պարտավորությունների շրջանակում:
«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը քաղաքացիները կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ։ Որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու, և մեր հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել, քանի որ սա շատ կարևոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է: Սա պլանային աննախադեպ կարևոր միջոցառում է», - նշեց գործադիրի ղեկավարը։
Դավիթ Տոնոյանն իր հերրթին խնդրեց կառավարության անդամներին իրենց վերաբերող ոլորտների հանրային աշխատողներին կոչ անել և օրինակելի պահվածք ցուցաբերել: Վարչապետը կոչ արեց քաղաքացիներին ֆորմալ մոտեցում չցուցաբերել այս զորավարժությանը: «Չափից ավելի լրջացնել էլ պետք չէ, բայց պատշաճ վերաբերմունք պետք է լինի», - ասաց նա:
Նախագիծը քվեարկության չդրվեց, քանի որ կային որոշ հարցեր, որոնք կառավարության անդամները ցանկանում էին դռնփակ ռեժիմով քննարկել: Վարչապետն ասաց, որ հարցը կդրվի քվեարկության փակ ռեժիմով: