19/09/2019 12:01
Վստահ եմ, որ Եթովպիայում ամենամոտ ժամկետներում ՀՀ դեսպանություն կբացվի. Մնացականյան
Եթովպիայի դաշնային ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպանության ստեղծելը կարևորվում է նրանով, որ Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական և դիվանագիտական հիմնական կենտրոններից մեկն է։ Այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը այդ երկրում հնարավորութուն կտա զարգացնել միաժամանակյա համագործակցությունը Աֆրիկյան միության հետ։ Հայաստանն Անդրսահարյան Աֆրիկայում չունի ներկայացուցչություն։
Դեսպանություն ունենք միայն Եգիպտոսում, հետևաբար Ադիս Աբեբայում դեսպանություն ստեղծելը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կընձեռնի ոչ միայն երկկողմ հարաբերություններ ստեղծել Եթովպիայի հետ, այլև խորացնել շփումն աֆրիկյան այլ երկրների հետ։
Մենք այս փուլին հասել ենք մեր հետևողական աշխատանքի շնորհիվ։ Սա կարևոր է և քաղաքական, և առևտրատնտեսական օրակարգերի առումով։ Այս ուղղությամբ մենք բավական մեծ ներուժ ենք տեսնում», - ասաց նախարարը։
Զոհրաբ Մանացականյանը նշեց, որ արդեն իսկ կատարված են խորքային հաշվարկներ, և ինքը վստահ է, որ Եթովպիայում ամենամոտ ժամկետներում ՀՀ դեսպանություն կբացվի։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին համաձայնեց, որ Աֆրիկայում բավական մեծ և պոտենցիալ շուկա կա՝ մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում։
Նախարարը միաժամանակ բարձրացրեց արևելաաֆրիկյան երկրներից Քենիա և Ռուանդա մուտքի արտոնագրերի բավական բարդ ընթացակարգի դյուրացման հարցը։
«Չեմ շտապի ուրվագծել մյուս ուղղությունները, որոնցով ընդլայնվելու ենք և հաստատելու ենք մեր ներկայությունը։ Մեզ առայժմ պետք է ամրապնդվել Ադիս Աբեբայում», - նշեց Զոհրաբ Մնացալանյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ մուտքի արտոնագրերի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։