19/09/2019 13:16
Նախակրթարաններում ունենք 5-6 տարեկան երեխաների 70 տոկոս ընդգրկվածություն. նախարար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության հերթական նիստում ներկայացրեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:
Մասնավորապես նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը։ Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում առկա է մանկապարտեզներում և նախակրթական այլ հաստատություններում 5-6 տարեկան երեխաների մոտվորապես 70 տոկոս ընդգրկվածություն։
«Վստահ եմ, որ մինչև 2024 թվականը մենք կունենք մոտավորապես 90 տոկոս արդյունք։ Իսկ 3-6 տարեկանների համար 70 տոկոս արդյունք կապահովենք կրկին 2024 թվականին», - նշեց նախարարը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նկատեց, որ քննարկվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի չափաքանակները, հնարավորություններ են դիտարկվում երեխաներ ունեցող ընտանքիների բնակարանային ապահովման համար, ինչպես նաև դիտարկվում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների երկարօրյա խնամքի ապահովման հարցը։
Գործադիրի ներկայացուցիչը նշեց, որ համապատասխան գերատեսչությունները մինչև տարեվերջ այս ուղղությամբ համակարգված փաթեթով առաջարկներ պետք է ներկայացնեն կառվարությանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ հավելեց, որ քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել մանկապարտեզներում հերթագրման հետ կապված խնդիրների մասին:
«Մի համայնքում մանկապարտեզ կա, մյուսում չկա և ծնողների համար մեծ դժվարություններ է առաջացնում երեխաներին այլ համայնքներ մանկապարտեզ տանելը», - ասաց նա։