19/09/2019 14:24
Առերեսվել նման հայտարարությանը, որ արեց Վանեցյանը, մի քիչ անսպասելի էր. Վարչապետի խոսնակ
«Ի՞նչ ասեմ։ Հաստատեց, որ, փաստորեն, իրեն օգնել են։ Ես հարց եմ բարձրացրել, ինքն էլ հաստատել է, որ իրեն օգնել են։ Նա հաջորդ օրը տվեց պարզաբանումներ»,- լրագրողների խնդրանքով, անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարության տեքստի վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած այն հայտարարությանը, թե պետք է ստուգել՝ ով է գրել այն, այսպես արձագանքեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Վարչապետը, շատ խնայողաբար բառերին մոտենալով, խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել է իր և իր ենթակայի միջև և ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն։ Եվ դրանից հետո առերեսվել նման հայտարարությանը, որ արեց Վանեցյանը, կարծում եմ՝ մի քիչ անսպասելի էր։ Դրա համար էլ առաջացան նման հարցադրումներ», - նկատեց Կարապետյանը։
Հիշեցնենք՝ հրաժարականից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված էր.
«Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։
Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։