20/09/2019 20:11
«Լիդիանի քելեխը ջերմուկով կխմենք». Ի պաշտպանություն Ամուլսարի երթն ավարտվեց Կառավարության դիմաց
Ի պաշտպանություն Ամուլսարի Երևանի փոքր կենտրոնում երթի մասնակիցները այն ավարտեցին Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց։ Շենքը պաշտպանում են ոստիկանները՝ պատնեշ կազմած։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ երթը նախաձեռնել էր Հայկական բնապահպանական ճակատը և երթին մասնակցում էին բնապահպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ։
Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը հայտարարեց, որ Ամուլսարի հարցի լուծման իրավական ճանապարհը նախկին կառավարության կողմից տրված հանքը շահագործելու մասին եզրակացությունը չեղյալ հայտարարելն է։
«Մենք նաև բարձրացնում ենք Հայաստանում հանքարդյունաբերության դադարեցման հարցը և այդ կապակցությամբ առաջարկներ ենք հղել ՀՀ կառավարությանը», - հայտարարեց Շահնազարյանը։
Նա ասաց, որ կառավարությունից պահանջում են ստուգումներ կատարել բոլոր հանքերում ու դրա արդյունքում նոր մեխանիզմներ կիրառել։ «Անհրաժեշտ է ստուգումներ բոլոր պոչամբարներում։ Սրանք ենթադրելու են շատ մեծ ծախսեր։ Անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ՝ կապված հարկերի բարձրացման հետ», - հայտարարեց Շահնազարյանը։
Նաև հնչեց «Գեղառիթմեր» խմբի երգը Ամուլսարի թեմայով.
«Ամուլսարը մեր սարն է,
պայքարը մեր արդար է,
Նիկոլը նազար է,
Մեր ծուխը հազար է,
Լիդիանենց կլարենք,
Սարը սար կպահենք,
Լիդիանի քելեխը
Ջերմուկով կխմենք»։