20/09/2019 09:31
Մենք կանենք ամեն ինչ՝ ապահովելու մեր երկրի կայունությունը. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Փաշինյանին
Այսօր Ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատակազմին ներկայացրել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին։
Վերջինը, հիշեցնենք, ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալն էր։
«Պարոն Մարտիրոսյանը իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Այսինքն՝ ես եթե ճիշտ եմ հիշում, որևէ այլ տեղ չեք աշխատել, միայն ԱԱԾ-ում։ Շատ կարևոր արձանագրում է։ Շատ կարևոր եմ համարում ընթացիկ ժամանակաշրջանում ինստիտուտների կայացումը։ Կարծում եմ, որ ԱԱԾ-ն կայացած ինստիտուտ է», -իր ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է էլ ավելի բարձրացնել կառույցում պրոֆեսիոնալ մակարդակը։
Էդուարդ Մարտիրոսյանը իր հերթին նկատել է, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել մի կառույց որտեղ առայել է 20 և ավելի տարի։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության մարմինները օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու ծառայողներով և հայրենիքին նվիրված անձանցով։ Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ մենք կանենք ամեն ինչ՝ ապահովելու մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը», -դիմելով Փաշինյանին, ասել է Մարտիրոսյանը։