23/09/2019 21:50
Տիգրան Հակոբյան. Վայոց Ձորի մարզպետ արդեն պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լիներ
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը արդեն պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լիներ:
«Անկախ նրանից, մասնակցել է այդ ծեծին, թե տանը թեյ է խմել այդ պահին: Անկախ նրանից, գինովցած փոխգնդապետն է հրահրել այդ ծեծ ու ջարդը, թե մարզպետի օգնականը: Անկախ նրանից, հանրային դժգոհության ալիք բարձրացել է, թե այդ ծեծի մասին տեղյակ են միայն Վայքի բնակիչները: Սա քաղաքակիրթ երկրների բյուրոկրատիայի չգրված օրենքներից է՛ պատասխանատվություն կրել քո ենթակաների արարքների համար: Բայց, կարծես, մարզպետը հարկ չի համարել նույնիսկ ներողություն խնդրել մարզի բնակիչներից եւ տուժածի ընտանիքից: Այսօր պաշտոնյայի կամավոր հրաժարականի այդ ինստիտուտը պետք է աշխատի», - Facebook-ի իր էջում գրել է Հակոբյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:
Այսօր Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի մարտական ընկերները կառավարության դիմաց ակցիա են իրականացրել՝ պահանջելով պատժել փոխգնդապետին ծեծողներին։
«Վայոց ձորի մարզպետն իր կլաններով ինչքան ուժ ունի փորձում է առաջինն իր մասնակցությունը դուրս բերի այդտեղից, երկրորդը՝ մեղավորությունը բարդի սպայի վրա», - լրագրողների հետ զրույցում ասաց փոխգնդապետի ընկերներից մեկը։
Նրանք պահանջում են այս հարցում արդար քննություն։
«Արա Մխիթարյանն էսօր կռիվ է տալիս իր կյանքի համար, նրա ապրելու հնարավորությունը մեկ տոկոս է, Աստված չանի, որ նա մահանա», - ասաց ընկերը։
Նրանք կոչ արեցին ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի այս գործի քննությունը վերցնի անմիջապես իր հսկողության տակ։
«Որովհետև Վայոց ձորի ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ տվյալ անձնավորություններին արանքից հանի», - ասաց Արա Մխիթարյանի ընկերը։
«Մարզպետը ասում է՝ եթե ինչ-որ մեկն իր անունը տա, խիստ կպատժվի», - ասաց նա։