23/09/2019 14:01
Օրենքով էլ ճիշտ չէ, որ նախարությունն ինչ-որ կերպ միջամտի. ԿԳՄՍՆ պարզաբանումը մայր բուհում կրճատումների մասին
ՀՀ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող խնդիրների մասով նախարարությունը ոչինչ անել չի կարող, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն պետ Օֆելյա Կամավոսյանը՝ անդրադառնալով օրեր շարունակ մամուլում առկա այն տեղեկություններին, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների հետ տարբեր ժամկետներով կնքված աշխատանքային պայմանագրերը՝ վերջնաժամկետ սահմանելով 2019թ. դեկտեմբերի 31-ը։
«Այս հարցով խորհրդակցել ենք և բուհերի վարչության պետի, և մեր իրավաբանի հետ։ Ինձ պատասխանվել է հետևյալը. եթե աշխատանքային վեճ է, պետք է կարգավորվի Աշխատանքային օրենսգրքով։ Օրենքով էլ ճիշտ չէ, որ նախարությունն ինչ-որ կերպ միջամտի։ Եթե այլ հարց է, ԵՊՀ-ից պետք է պատասխան տան», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ է մայր բուհում հասունացող դժգոհության ալիքից և լսե՞լ է կողմերի կարծիքները, Օֆելյա Կամավոսյանը նշեց, որ այդ մասին հավելյալ ճշգրտում պետք է անի, այնուհետև կտեղեկացնի։
Պատասխանը ստանալուն պես մենք այն կներկայացնենք մեր ընթերցողին։
Հիշեցնենք՝ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքի իր էջում ավելի վաղ տեղեկացրել էր, որ դատի է տվել մայր բուհի ղեկավարությանը։ Նա, մասնավորապես, նշել էր.
«Բանն այն է, որ ես ԵՊՀ-ի հետ ունեի անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, որը իմ վարչության վերակազմավորումից հետո ԵՊՀ նոր ղեկավարությունն ապօրինաբար դարձրել է մինչև դեկտեմբերի 31-ը: Այս փաստը հայտնաբերել եմ պատահականորեն և դա ևս համարում եմ էթիկական լուրջ բացթողում ներկայիս ժամանակավոր ղեկավարության կողմից: Երեք անգամ հարցը բարձրացրել եմ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյանի մոտ, ինչին ստացել եմ պատասխան, որ «ինքն էլ ժամանակին շատ բան ուներ
Խնդիրն այն է, որ սա միայն իմ հարցը չէ, այլ տարիներ շարունակ ԵՊՀ-ում և պետական ու կիսապետական բազմաթիվ այլ կառույցներում աշխատակիցների իրավունքները կոպտագույն խախտման են ենթարկվել, քանի որ հակառակ ՀՀ օրենքների և դատարանի նախադեպային վճիռների՝ կնքվել են ժամկետային պայմանագրեր»: