26/09/2019 10:22
Ինչպես մյուսները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը, պետք է ստանա միջազգային ֆինանսական և տեխնիկական աջակցություն. Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Կրթության, նորարարության և սմարթ զարգացման առաջնահերթություններից, կարևորել դրանք ու նշել, որ այդ հարցերը շարունակելու են կառավարության համար մնալ առաջնահերթ։
Փաշինյանը նաև կարևորել տնտեսական և բնապահպանական քաղաքականության ինտեգրումը ու ընդգծել, որ Հայաստանն արդեն զգում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը` արձանագրելով 1.3 աստիճան ջերմաստիճանի միջին բարձրացում:
«Այս գլոբալ մարտահրավերին դիմակայելու նպատակով մենք աշխատանքներ ենք տանում կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմի մշակման ուղղությամբ, որը մաս է կազմում Գլխավոր քարտուղարի հովանու ներքո կայացած Կլիմայի գործողությունների գագաթաժողովին Հայաստանի ստանձնած ազգային պարտավորության:
Կայուն զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է ներառական գործընթաց լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ նրա քաղաքական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից: Ոչ ոք, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, պետք է անմասն չմնա կայուն զարգացման գործիքներից: Ինչպես մյուսները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջազգային ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ մարդու իրավունքների ամրապնդման, աղքատության հաղթահարման, կրթության բարելավման, կլիմայի փոփոխություններին արձագանքելու և ներառական հասարակություն կառուցելու համար», -հավելել է Հայաստանի կառավարության ղեկավարը: