27/09/2019 10:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայ օգնության ֆոնդի տնօրենների և հոգաբարձուների խորհուրդների անդամներին
Սեպտեմբերի 26-ին Վեհարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի տնօրենների և հոգաբարձուների խորհուրդների անդամներին, ՀՕՖ-ի բարերարներին ու բարեկամներին, որոնք Հայաստան են այցելել ՀՕՖ-ի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառումների առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ատենապետ Ռանդի Սապաահ-Գուլյանը՝ անդրադառնալով հիմնադրամի անցած ուղուն և ծավալած գործունեությանը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն է բերել ներկաներին՝ բարձրորեն գնահատելով այն օգտաշատ աշխատանքը, որ ՀՕՖ-ի ջանքերով իրականացվել է հայրենիքում:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ խոսել է կազմակերպության կարևոր և արժեքավոր զորակցության մասին, որ ցուցաբերվել է ժողովրդին ամենատարբեր ոլորտներում: Մասնավոր իր գնահատանքը փոխանցելով ՀՕՖ-ի առաքելությանը սատարող բարեկամներին ու բարերար հայորդիներին՝ Նորին Սրբությունը հորդորել է ՀՕՖ-ի պատասխանատու մարմիններին շարունակել իրենց հայրենանվեր ծառայությամբ օժանդակություն բերել հայ ժողովրդին և նպաստել հայրենիքի զորացմանն ու առաջընթացին:
Հայոց Հովվապետը խոսել է նաև Հայոց Եկեղեցու առաքելության մասին հայրենիքի անկախության տարիներին, անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռի կողմից իրագործվող և շարունակական բնույթ կրող սոցիալական ծրագրերին։
Ներկայացնելով Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ Նորին Սրբությունը շեշտել է, որ Եկեղեցին մշտապես ապրում է աստվածաշնորհ հույսով և լավատեսությամբ՝ իր առաքելությունն իրագործելով Աստծու զորակցությամբ, հոգևոր դասի ու եկեղեցանվեր հայորդիների նախանձախնդրության ու նվիրումի շնորհիվ։
Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն է հայտնել բոլոր այն հայորդիներին, ովքեր զորավիգ են Հայոց Եկեղեցուն, օժանդակում են Մայր Աթոռի ծրագրերին, որոնց ջանքերի շնորհիվ եկեղեցական կյանքը պայծառանում և առաջընթաց է ապրում։