30/09/2019 14:53
Կառավարությունը պարտավոր է սևազգեստ մայրերի խնդիրները վեր հանել և լուծումներ տալ. Մարգարիտա Խաչատրյան (Տեսանյութ)
Մեր կառավարությունը պարտավոր է սևազգեստ մայրերի խնդիրները վեր հանել և լուծումներ տալ, այսօր լրագրողների հետ հանդպմանն ասաց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Սեպտեմբերի 11-ից դիմում ենք գրել վարչապետին, սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց հանդիպում ունեցել ու ակնկալիքը եղել է, որ մեր հարցին կամ լուծում կտրվի կամ ընդունելություն կլինի, մինչև օրս ոչ մի արձագանք չի եղել», - ասաց Խաչատրյանը:
Նա նկատեց՝ սեպտեմբերի 19-ի հանդիպումը վարչապետի հետ հանդիպում չի համարում, որովհետև այն ընդհամենը երկու րոպե է տևել.
«Թեև մենք հասկանում ենք, որ օտար երկրներից ղեկավարներ կան ստեղ, բայց հիշեցնում ենք մեր վարչապետին, որ մեր գրած գրություններին մինչև վերջ տեր ենք կանգնելու, մինչև վերջ պայքարելու ենք, հետ չենք կանգնելու», - ասաց նա:
Խաչատրյանը նկատեց՝ իրենց պահանջն անփոփոխ է՝ փոփոխություններ կատարել օրենսդրական դաշտում, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքները ուշադրության կենտրոնում կհայտնվեն:
Հիշեցնենք՝ «Զինվոր» ՀԿ համակարգող խորհուրդն առաջարկում է զոհված և վիրավոր զինծառայողներին աջակցություն տրամադրել կառավարության սահմանած չափորոշիչներով՝ միանվագ 30 մլն դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում: