02/10/2019 16:29
«Իմ քայլը» գոնե կարող էր նախագիծը ներկայացնելուց առաջ քննարկումներ ծավալել. Տոնոյան
Ինձ համար շատ տարօրինակ են «Իմ քայլը» խմբակցության գործընկերների հայտարարությունները, որ ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի հարցում քաղաքական դիրքորոշում ունի։ Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Այսօր առավոտյան պարոն Ծառուկյանն այս հարցի հետ կապված առավել քան հստակ հիմնավորումը տվեց։ Նա ասաց, որ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության հիմքերն իրավական առումով այնքան թույլ են և չհիմնավորված, որ այս մասով քվեարկությանը մասնակցելու նպատակահարմարությունն իսպառ բացակայում է։ Հրայր Թովմասյանը երբեք չի եղել ԲՀ խմբակցության կուռքը, սիրելին», - ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ անձերի խնդիր չկա, իրենց համար ընդամենը կարևոր է, որ դատական իշխանությունը լինի ինքնուրույն մարմին։
Իվետա Տոնոյանի խոսքով՝ եթե «Իմ քայլը» խմբակցությունը պարբերաբար նշում է, որ իրենց համար կարևոր էր այս հարցը կոնսենսուսով հանգուցալուծել, գոնե կարող էր նախագիծը ներկայացնելուց առաջ քննարկումներ ծավալել, որի ժամանակ խորհրդատվությամբ հանդես կգային նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։
Պատգամավորը միաժամանակ զավեշտալի որակեց «Իմ քայլը» խմբակցության այն հայտարարությունները, որ իրենք ընդդիմություն չեն։
Վերջում Իվետա Տոնոյանը վստահեցրեց, որ իրենց խմբակցությունը միասնական թիմ է և բացառվում է, որ խմբակցությունից որևէ պատգամավոր առնաձին մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը։