02/10/2019 18:00
Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, և այդ խնդիրներն օր օրի ավելանում են. փորձագետ
Ինչպես բոլոր հարցերում, նույնպես և Պուտինի այցի հետ կապված մեր հասարակության, վերլուծական շրջանակների սպասումները լրիվ սևի ու սպիտակի մեջ էին: Իսկ այցը ցույց տվեց, որ հայ-ռուսական ամենաբարձր մակարդակով հարաբերություններում նրբերանգների պակաս չունենք: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:
«ԵԱՏՄ նիստին ՌԴ նախագահը ժամանեց նիստից անմիջապես առաջ՝ օդանավակայանից ուղևորվելով ուղիղ դեպի Բաղրամյան 26: Արդյո՞ք այդ քայլը Պուտինի կողմից վերաբերմունքի դրսևորում չէր ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ՝ առնվազն չի կարելի բացառել: Իհարկե, վերաբերմունքի դրսևորում էր, արդեն հայկական կողմից, օդանավակայանում ՌԴ նախագահին ոչ պատշաճ դիմավորելը: Եվ սա այն դեպքում, երբ համապատասխան իրավական ակտով՝ «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքով էր սահմանված, որ ՄԱԿ ԱԽ անդամ պետության կամ կառավարության ղեկավարին, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է վարչապետը կամ նախագահը: Հիշեցնեմ՝ Պուտինին դիմավորեց փոխվարչապետը, ով նույն օրենքով սահմանված արարողակարգային ավագությամբ 7-րդն է», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ այդ ողջ ներկապնակում, իհարկե, իր ուրույն տեղն ունեցավ ՌԴ նախագահի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:
«Այս ամենը և ոչ միայն, ինչպես նաև փաստը, որ երկար ժամանակ քննարկվում էր, թե արդյոք Պուտինը կգա Երևան, թե ոչ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում իսկապես կան խնդրներ, և այդ խնդիրներն օր օրի ավելանում են», - նշեց փորձագետը՝ ամփոփելով, որ ոչ պատշաճ տեղերում ինքնիշխանության իմիտացիա անելու փոխարեն կարևոր է ցույց տալ հայկական կողմի կառուցողական կեցվածքն ու մոտեցումը հայ-ռուսական հարաբերություններում: