04/10/2019 19:43
Ալիևը պատասխանեց Փաշինյանի հարցին Վալդայում. փորձագետ
Նիկոլ Փաշինյանի նորարարությունն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում «չի աշխատում», Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Վարչապետ Փաշինյանը, որպես իր կարևոր և կառուցողական նորամուծություն, անընդհատ հղվում է այն թեզի վրա, որ հակամարտության կարգավորման ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Վալդայ» դիսկուսյոն ակումբում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահը պատասխանեց Փաշինյանի այս հայտարարությանը, սակայն ոչ թե կրկնեց այն, ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, այլ նշեց, որ իրենց համար ընդունելի լուծումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծումն է: Այսինքն, Բաքուն այսօր որևէ փոխզիջումների գնալու մտադրություն չունի և որոշումը թողնում է Հայաստանին ու Արցախին՝ համաձայնել իր համար ընդունելի լուծմանը, կամ՝ ոչ», - ասել է փորձագետը:
«Բնական է, որ Ադրբեջանի այս կոշտ և անզիջում մոտեցումը չի կարող մեզ համար ընդունելի լինել: Կարևորն այն է, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե շարունակեն երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման մասին այս թեզն առաջ տանել և այն որպես կառուցողականության դրսևորում ներկայացնել՝ դրան զուգահեռ այլ ապակառուցողական հայտարարություններ անելով, այլ ճիշտ գնահատեն իրավիճակը և ուժեղացնեն սեփական բանակցային դիրքերը», - նշել է նա:
Կարապետյանի դիտարկմամբ, ապակառուցողականությունն էլ կարող է մեր քաղաքականության մաս լինել, սակայն դա պետք է նախապես պլանավորած, ռիսկերը գնահատած քայլեր լինեն և հստակ նպատակ հետապնդեն:
«Այսօր արդեն միջնորդներն են բաց տեքստով Հայաստանին ապակառուցողական անվանում: Եվ դրա պատճառը չհաշվարկված, պոպուլիստական հայտարարություններն են, ինչպես օրինակ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»-ը: Եվ սա կարող է զգալի մարտահրավերներ պարունակել մեզ համար, այդ թվում՝ անվտանգային», - ասել է նա:
Եզրափակելով՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը նշել է, որ առկա հռետորաբանության պարագայում դժվար թե մոտ ապագայում այնպիսի լուծում գտնվի, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար:
«Այս հայտարարությունն իր մեջ կեղծ մարդասիրություն է պարունակում, որը ոչ միայն անարդյունավետ է, այլև Արցախի ինքնորոշման իրավունքը կախման մեջ է դնում Ադրբեջանի ժողովրդի կամքից», - ասել է Կարապետյանը: