04/10/2019 11:36
Աշխատանք է տարվում հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանները բարելավելու համար. Ֆելիքս Ցոլակյան
Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել են 5478 հրդեհի դեպք, այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը 8509 է, լրագրողների հետ հանդիպանն, ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին, հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Սա աննախադեպ ցուցանիշ է, և սրա հետ կապված մեր աշխատանքի ծավալները շատ մեծ են եղել։ Հրշեջները ցույց են տվել հերոսական աշխատանք և բոլոր հրդեհները կարողացել են ժամանակին հանգցնել», - նշեց Ցոլակյանը։
Նախարարն ասաց, որ 911 ծառայության կողմից տարվա առաջին ինը ամիսներին սպասարկվել է 1 մլն 404 հազար զանգ։
Կարողացել են նաև նախորդ տարիների ընթացքում կուտակված վառելիքի պարտքը մարել։
«Աշխատանք է տարվում, որպեսզի կարողանանք բարելավել հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանները։ Հնարավոր է, որ կարողանանք լուրջ հաջողություններ ունենալ այն իմաստով, որ նրանք կարողանան ավելի էժան գներով բնակարաններ ստանալ», - հայտարարեց Ֆելիքս Ցոլակյանը։