05/10/2019 13:48
Չենք ողջունում ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի որ դա կարող է օգտագործվել Հայաստանի դեմ. Կոնգրեսական Փալոն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը պատկերացնում է միայն խաղաղ ճանապարհով՝ թեև նկատում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Փալոնը նշել է, թե կարծում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չպետք է տրամադրի որևէ ռազմական աջակցություն:
Ես կարծում եմ, որ մենք Ադրբեջանին ռազմական որևէ օգնություն չպետք է տրամադրենք, քանի որ Ադրբեջանը շատ ագրեսիվ է, և այդպես իրեն դրսևորեց բոլորովին վերջերս՝ 2016-ին: Նրանք ԱՄՆ-ից չպետք է ստանան որևէ ռազմական օգնություն: Կոնգրեսի անդամներս չգիտեինք և վերջերս ենք իմացել, որ ամերիկյան ռազմական օգնությունը շատ մեծ է եղել՝ ավելի քան 100 մլն դոլար՝ վերջին 3 տարում, և դա շատ ավելին է, քան այն, ինչ տրվում է Հայաստանին: Եվ պատմականորեն «Ազատության աջակցության ակտ»-ի 907 ուղղման համաձայն՝ չես կարող ռազմական օգնություն տալ երկրին, որն ակտիվորեն ագրեսիվ է եղել, ինչպես եղել է Ադրբեջանը 2016-ի ապրիլին: Մեր նամակում, որն ուղարկել էինք, ասում էինք, որ ռազմական օգնություն չպետք է տրամադրվի Ադրբեջանին: Եվ մենք կցանկանայինք հիմնավորում ստանալ այս առումով։ Այն, ինչ անում ես մի երկրի համար, պետք է անես նաև մյուս երկրի համար: Բայց ես չեմ ասում, թե մենք երկու երկրներին միլիոնավոր դոլարներ պետք է տրամադրենք ռազմական աջակցության համար, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն, չենք ուզում խրախուսել պատերազմը: Այս պահին մենք շատ հիասթափված ենք, որ Թրամփի վարչակազմը դա ձեռնարկել է, սակայն ուզում ենք դադարեցնել ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: Եվ մենք ուզում ենք նաև իմանալ, թե որն է հիմնավորումը, մենք հիմա ուսումնասիրում ենք՝ տեսնելու՝ ռազմական օգնության տրամադրման այդ գործողությունը հնարավոր է խախտել է 907-րդ ուղղումը», - ասել է նա։
Ֆրանկ Փալոնը նշել է, թե այս պահին Արցախի համար ողջ աջակցությունը հումանիտար ուղղություն ունի:
«Եվ երբ, ես Արցախում էի, այցելել եմ երկու կազմակերպություն, որ ցանկանում եմ առանձնացնել: Մեկը «Halo trust»-ն է ( ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից), որը զբաղվում է ականազերծման աշխատանքներով, և նրանք ստացել են մեծ գումարներ: Մենք ուզում ենք, որ դա շարունակական կլինի: Եվ դա կազմակերպությանն այցելելու պատճառներից մեկն էր: Տրամադրվող գումարի չափը կրճատելու առաջարկներ կան, բայց ես հանդիպեցի նրանց հետ, նրանք նշեցին, որ դա ճիշտ չէ, բավականին ականազերծման աշխատանք ունեն կատարելու և կարիք ունեն ֆինանսավորման: Մենք ուզում ենք աշխատել այս հարցում՝ հավաստիանալու, որ ծրագիրը կշարունակվի: Այցելել եմ նաև բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: Դա մյուս կազմակերպությունն է, որը կարող է ստանալ ԱՄՆ աջակցությունը: Այն օգնում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, պատանիներին, որոնք ունեն ֆիզիկական կամ վարքագծի խնդիրներ: Սա մեր աջակցության ևս մեկ կարևոր ուղղություն է»,-ասել է կոնգրեսականը։
Նա ընդգծել է՝ Արցախը պետք է լինի հայկական։
«Ես կուզեի տեսնել խաղաղ հանգուցալուծում, որին ցանկանում է հասնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Խաղաղ կարգավորումը ոչ միայն պետք է երաշխավորի, որ Արցախը հայկական է, այլ նաև կարևոր է այն տարածքների հարցը, որոնք պետք է կազմեն անվտանգության գոտին: Մենք Ստեփանակերտից վերադառնում էինք Սևան, և անցանք որոշ տարածքներով, որոնք պետք է պահպանվեն: Անվտանգության նկատառումներով Արցախը չի կարող տարածքներ տալ Ադրբեջանին: 2016թ. Ադրբեջանի ագրեսիայի պատճառով պահպանվում է լարվածությունը: Չեմ կարծում, որ հիմա հնարավոր է խաղաղ կարգավորում: ԱՄՆ-ը կարող է աջակցել վստահության կառուցման գործին, գուցե սահմանի երկայնքով որոշ ծրագրերի միջոցով հնարավոր լինի նվազեցնել լարվածությունը»,նշել է Ֆրանկ Փալոնը՚
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի թե Հայաստանի, թե Արցախի և թե Ադրբեջանի ժողովրդի համար ու դիտարկմանը, որ Ադրբեջանը համարժեքորեն չի արձագանքում այդ հայտարարությանը, կոնգրեսակնը պատասխանել է. «Իմ մտավախությունն այն է, որ Ադրբեջանն ուզում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, և չի ցանկանում խաղաղ հանգուցալուծում: Ահա, թե ինչու, կարծում եմ, որ ամենակարևորը, որ մենք հիմա կարող ենք անել լարվածությունը նվազեցնելու համար, Ադրբեջանին համոզելն է, որ ռազմական լուծումը տարբերակ չէ: Դա պատճառներից մեկն է, որ չենք ողջունում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, քանի որ դա կարող է օգտագործվել Հայաստանի դեմ: