07/10/2019 12:05
Չնայած հրաժարականի խոստմանը՝ Վայոց ձորի մարզպետը շարունակում է աշխատել
Օրեր առաջ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, թե հրաժարական է ներկայացնում։
«Հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս ՀՀ-ում մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո», - նշված էր մարզպետի հայտարարության մեջ։
Տրդատ Սարգսյանի հետ կապ հաստատել Aysor.am-ի թղթակցին չհաջողվեց։
Մարզպետարանի իր ընդունարանից, սակայն, ասացին, որ նա գնում է աշխատանքի։
«Հիմա տեղում չէ», - ասաց աշխատակիցը։
Հարցին՝ իսկ ընդհանրապես հաճախում է աշխատանքի, մարզպետարանի աշխատակիցը պատասխանեց. «Նայած օր։ Պատվիրակություն կար, իրենց է ընդունել»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: