07/10/2019 13:20
Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեզն արդեն օրակարգից դուրս է. փորձագետ
Կողմերի՝ վերջին շրջանում արած հայտարարություններն օրակարգից հանեցին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, կամ, որ նույնն է՝ փոխզիջումների նախապատրաստելու թեզը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանն՝ անդրադառնալով արցախյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումներին:
«Փաշինյանի կողմից օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարված «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզին երկու ամիս անց «Վալդայ» միջազգային քննարկումային ակումբում պատասխանեց Ալիևը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»: Կողմերի նման կեցվածը ցույց է տալիս, որ այսօր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, կամ որ նույնն է՝ փոխզիջումների նախապատրաստելու քաղաքականությունը սպառել է իրեն: Բանակցային գործընթացի շրջանակներում առաջընթաց արձանագրելը նման իրավիճակում անիրատեսական խնդիր է», - նշեց փորձագետն՝ ավելացնելով, որ ասվածի վկայությունը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացած հանդիպումն է երկու երկրների արտգործնախարարների միջև:
«ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարության մեջ նշվում էր, որ «ընդամենը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել առկա բանակցությունների վերաբերյալ»:
Հայկական կողմն իր հայտարարության մեջ կարևորել էր «կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը», ինչն իր հերթին մտահոգություն առաջացնող ձևակերպում է: Այս ամենը, և այն, որ անգամ չի նախատեսվում և օրակարգում չկա երկու երկրների ղեկավարների հանդիպում, վկայում են այն մասին, որ բանակցային գործընթացում ոչ միայն չունենք առաջընթաց, այլև ունենք բոլոր նախադրյալները՝ խոչընդոտող նման առաջընթացը», - ամփոփեց փորձագետը: