10/10/2019 08:45
Թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ ու Կամիշլին քաղաքները. նախատեսվում է կազմակերպել հայ ընտանիքների տարհանումը
ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել` Նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ
«Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես ազգությամբ հայ բնակիչներ կան, գնդակոծվում է:
Մեր հյուպատոսին խնդրեցի զորակցությունս փոխանցել հայ համայնքին, և, առհասարակ, աղոթում եմ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների և մեր բարեկամ սիրիացի ժողովրդի համար»,-ասված է հայտարարությունում։