10/10/2019 16:57
Արդյոք կրակի տա՞կ է հայաբնակ Քամիշլիի շրջանը թուրք-սիրիական սահմանին
Հոկտեմբերի 9-ից ի վեր Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը տարբեր գնահատականների է արժանացել միջազգային հանրության կողմից։ Այսօր` հոկտեմբերի 10-ին, հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ԱԳՆ-ն, մասնավորապես, նշելով, որ «այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ»։
Հարցը փակ ռեժիմով քննարկման է դրվել նաև այսօր կառավարության նիստում, որպեսզի որոշվի տեղի հայ բնակչությանը օգնություն տրամադրելու հնարավորության հարցը։
«ՀՀ արտգործնախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանի խոսքով հայերը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում հիմնականում բնակվում են Քամիշլի քաղաքում, որտեղ այս պահին կա 400-420 ընտանիք, կամ մոտ 3 հազար հայ», - փոխանցել է դիվանագետը «Ազատություն» ռադիոկայանին։
Դիվանագետի խոսքով, «Քամիշլին երեկ մեկ անգամ ենթարկվել էր հրթիռակոծության, բայց Քամիշլիի հիմնական մասը գտնվում է Սիրիայի իշխանությունների տիրապետության ներքո, այնպես որ չեմ կարծում, որ թուրքական ներխուժումը հասնի մինչև սիրիական իշխանությունների տիրապետության տակ գտնվող շրջաններ»։
Ավելի վաղ տեղեկատվությամբ է կիսվել նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հայտնելով, որ «Քամիշլին... կրակի տակ է»։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա հեռախոսազրույց է ունեցել Քամիշլիի շրջանում առաջնորդական փոխանորդի հետ, ով տեղից հայտնել է, որ որոշ ընտանիքներ իրենց սեփական որոշմամբ տեղափոխվում են, բայց զուտ Քամիշլիի շրջանում հայերը ապահով են։
Հոգևորականը հայտնել է, որ իր կարծիքով թուրքական զորքերը չեն ուղղվի դեպի Քամիշլի, հաշվի առնելով այստեղ սիրիական կառավարական ուժերի ներկայությունը։ «Քամիշլին ամեն կողմից ապահով է։ Դպրոցները փակ են` հավելյալ ապահովագրական իմաստով, իսկ բնականոն կյանքը կշարունակվի», - ասել է հոգևորականը։
Հայկական պաշտոնական լրահոսից այս պահին դժվար է եզրակացության հանգել՝ արդյոք հայաբնակ Քամիշլիի շրջանը թիրախավորվու՞մ է թուրքական զինված ուժերի կողմից, թե՞ ոչ։