10/10/2019 11:16
Պատրաստվում ենք զոհվածի տեղեկանքները հետ տալ կառավարությանը և պահանջել մեր որդիներին. Մարգարիտա Խաչատրյան (Տեսանյութ)
Մենք մեր հայրենիքը հարգում ենք, և քանի որ վերջին օրերին Հայաստանում արտասահմանցի բարձրաստիճան հյուրեր կային, սևազգեստ մայրերը չցանկացան կառավարության առջև նստացույց անել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց գործադիրի առջև բողոքի ցույց իրականացնող «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք հաստատակամ են՝ այսօրվանից կրկին շարունակելու իրենց պայքարը:
Մարգարիտա Խաչատրյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ խոստացել էր արտերկիր կատարած այցից հետո ընդունել սևազգեստ մայրերին, լսել նրանց խնդիրները, սակայն մինչ օրս վարչապետի հետ հանդիպում չի կայացել։
«Եկել ենք հիշեցնենք, որ, պարոն վարչապետ, եթե գումար ունենք, տեղավորելու տեղ չունեք, ապա այս մայրերը ձեզնից ակնկալիք ունեն։ Մենք սպասում ենք վարչապետի հետ հանդիպման, հունվարից 5-ից դիմումներից ոչ մեկին պատասխան չի եղել։ Մենք պատրաստվում ենք զոհվածի տեղեկանքները հետ տալ կառավարությանը և հետ պահանջել մեր որդիներին, եթե մեր հարցին դրական լուծում չտրվի։ Եթե փողոցային կռվի համար կառավարությունը կարողացավ հարց լուծել, թող լուծեն նաև սևազգեստ մայրերի հարցը»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ «Զինվոր» ՀԿ համակարգող խորհուրդն առաջարկում է զոհված և վիրավոր զինծառայողներին աջակցություն տրամադրել կառավարության սահմանած չափորոշիչներով՝ միանվագ 30 մլն դրամ: