10/10/2019 10:53
Տուրիստական գործակալություններից խաբված քաղաքացիները կառավարությունից փոխհատուցում են պահանջում (Տեսանյութ)
Տուրիստական գործակալություններից խաբված քաղաքացիներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանցից մի կին լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Travelan» տուրիստական ընկերության տնօրեն Աննա Սահակյանի գործունեությունից տուժած ընտանիքների թիվն ավելի քան 250 է, մինչդեռ արդարության վերականգնման և սեփական գումարները հետ ստանալու համար իրավապահ մարմիններին բողոքով դիմել է նրանցից միայն 50-ը։
«Քրեական գործ է հարուցվել, բայց քանի ամիս է՝ ոչ մի փոփոխություն չենք տեսնում։ Մեկ անգամ ընդամենը գնացել, ցուցմունք ենք տվել և վերջ։ Մեր պահանջն այն է, որ կառավարությունը հատուցի տուժած քաղաքացիներին։ Տուրիստական գործակալության 23 տարեկան տնօրեն աղջիկը չէր կարող 250 ընտանիքի խաբել»,- ասաց նա։
Խաբված մեկ այլ քաղաքացի էլ ընդգծեց, որ խաբեությամբ մարդկանցից գումարներ կորզած անձանց նկատմամբ պետք է բավարար վերահսկողություն լինի, որպեսզի վերջիններս չկարողանան մի ընկերության փակվելուց հետո նմանատիպ երկրորդ ընկերություն հիմնել և մարդկանց կրկին ծուղակը գցել։
«Հիմա այդ աղջիկը ամուսնալուծված է, կալանավայրում է, և մենք ոչինչ չենք կարող անել։ Ծնողներն էլ ուզում են գրավով ազատ արձակել։ Ամուսինը գործով կասկածյալ է։ Սկեսուրը ևս ներկա է եղել գումարները փոխանցելիս», - ասաց նա։
Քաղաքացիներից ոմանց Աննա Սահակյանը խաբել է 1 միլիոն դրամով, որոշներին՝ ընդհուպ 4 հազար դոլարի չափով։