10/10/2019 14:07
«Էրեբունի-Երևան»-ի շրջանակներում սիմֆոնիկ նվագախմբի և ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ պրեմիերա կհնչի. ստեղծագործության հեղինակը Տիգրան Մանսուրյանն է
Էրեբունի-Երևան տոնակատարության միջոցառումները կազմակերպելու համար այս տարի աննախադեպ թվով՝ 18 ընկերություն է հայտ ներկայացրել, մրցույթում հաղթել են մի քանիսը, այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղական Տիգրան Վիրաբյանը:
«Մենք մրցութային փաթեթը պատրաստել ենք ոչ թե մեկ չափաբաժնով, որ մեկ ընկերություն մասնակցի մրցույթին ու միայն ինքը կազմակերպի «Էրեբունի-Երևանի» միջոցառումներն, այլ՝ 13 փաթեթով: Վերջին գոնե 10 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ «Էրեբունի-Երևան» միջոցառման կազմակերպման հայտ մեկից ավելի մասնակիցներ են ներկայացնում», - նշեց նա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Էրեբունի-Երևան» միջոցառումներն այս տարի տեղի են ունենալու Երևանի 12 վարչական շրջաններում: Օպերայի և բալետի թատրոնում պաշտոնական միջոցառում է լինելու: Քաղաքապետի տեղակալը հետագայում շահարկումներից խուսափելու համար ընդգծեց՝ դա 1000 հոգանոց էլիտար միջոցառում չի լինելու, այլ՝ հաշվետվություն:
«Մեկ տարվա գործունեության ամփոփիչ ֆիլմ է լինելու, պարգևատրումներ են կատարվելու: Մշակութային մասը կազմելու է միջոցառման 20-25 տոկոսը. ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ», - ընդգծեց փոխքաղաքապետը:
Օպերային թատրոնում նվագախմբի և երգչախմբի կատարմամաբ նաև պրեմիերա կհնչի. «Հետևիր արևին՝ արի Երևան» ստեղծագործության հեղինակը Տիգրան Մանսուրյանն է: «Էրեբունի-Երևան 2801»-ի շրջանակներում այս ստեղծագործությունը ձայնագրվել է նաև Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, ներկա պահին ընթանում են տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը: Շուրջ մեկ շաբաթից այն հեռուստաէկրաններին կլինի: