10/10/2019 18:10
Ինդոնեզիայում մահափորձ է կատարվել անվտանգության նախարարի դեմ
Ինդոնեզիայի քաղաքականության, արդարադատության և անվտանգության հարցերի համակարգող նախարար Վիրանտոն հինգշաբթի դանակի վերք է ստացել Բանտենի նահանգում կատարված հարձակման հետևանքով, հայտնել է «Detik» նորությունների պորտալը:
Նրա տեղեկատվությամբ, 72-ամյա նախարարը Պանդեգլանդ քաղաք էր ժամանել տեսչական ուղեւորությամբ: Մահափորձը կատարվել է այն պահին, երբ Վիրանտոն դուրս էր գալիս ավտոմեքենայից: Չարագործը սուր առարկայով նրան երկու հարված է հասցրել որովայնի շրջանում: Բացի այդ, վերքեր է ստացել ոստիկանության տեղական վարչության ղեկավարը:
Անվտանգության ծառայության աշխատակիցները և ոստիկանները ձերբակալել են հարձակվողին, ավելի ուշ ձերբակալվել է նրա կինը, որին նույնպես կասկածում են մահափորձի կազմակերպման մեջ: Վիրանտոյին հասցրել են տեղի հիվանդանոց, որտեղից նրան ուղղաթիռով տեղափոխել են Ջակարտայի զինվորական հոսպիտալ: Ներկայում, ինչպես նշում է «Detik»-ը՝ հղում անելով բժիշկներին, նախարարը գիտակից վիճակում է:
Վիրանտոն կառավարությունում հանրապետության ամբողջ ուժային բլոկի ղեկավարն է, փաստորեն նրա ենթակայության ներքո են գտնվում նաև զինված ուժերը: