10/10/2019 11:58
Ավտոներկրողները կառավարությունից խնդրում են աջ ղեկով մեքենաների վերասարքավորումը կազմակերպել Հայաստանում
Սևազգեստ մայրերի բողոքի ցույցին զուգահեռ՝ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել նաև Ճապոնիայից ավտոմեքենաներ ներկրող քաղաքացիները։
Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում դժգոհեց, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաների վերասարքավորման արգելքից հետո իրենք ստիպված տրանսպորտային միջոցները վերասարքավորում են Վրաստանում։
«Քանի որ Հայաստանում այդ մեքենաների պահանջարկը շատ մեծ է, Վրաստանում այլևս չենք կարողանում հանձնել մեր մեքենաները։ Մյուս կողմից էլ, 2020 թվականի հունվարի 1-ից թանկանում են մեքենաների մաքսատուրքերը։ Մենք ժամանակի խնդիր ունենք. չենք հասցնում վերասարքավորել մեր մեքենաները։ Ուզում ենք բաց նամակով դիմել վարչապետին, որպեսզի թույլ տան այդ մեքենաները վերասարքավորել Հայաստանում», - նշեց անհատ ձեռներեցը։
Մեկ այլ ներկրող նշեց, որ այսպիսով ակամայից հարստացնում են վրացի և ադրբեջանցի մասնագետներին, մինչդեռ աջ ղեկը վերասարքավորելու գործընթացը կարելի է կազմակերպել Հայաստանում՝ ստացված հարկերն ուղղելով ՀՀ բյուջե։
«Ամեն մեքենայի վերասարքավորման վրա 5 վարպետ է աշխատում։ Ամեն մեքենայի ղեկ փոխելն արժե 1000-1500 դոլար՝ գումարած պահեստամասերը։ Ուզում ենք հանդիպել վարչապետին, նրան բաց նամակ փոխանցել», - ասաց նա։