10/10/2019 11:39
Կառավարությունն ասում է՝ նախկինների օրոք 30 հազար դրամ նպաստով ապրել եք, հիմա էլ ապրեք. ազատամարտիկի այրի
Զոհված ազատամարտիկի այրի, «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանն այսօր հարց ուղղեց կառավարության շենք մտնող ՄԻՊ Արման Թաթոյանին՝ մասնավորապես, հետաքրքրվելով, թե ինչպես է նա վերաբերվում կառավարությանն ուղղված՝ փոխհատուցում տրամադրելու իրենց պահանջին։
Արման Թաթոյանը նախ հետաքրքրվեց՝ արդյոք գրավոր դիմում ներկայացրե՞լ են կառավարություն։ Դրական պատասխան ստանալուց հետո նա առաջարկեց նույն դիմումը ներկայացնել նաև ՄԻՊ աշխատակազմ, որպեսզի իրենք ևս կարողանան ծանոթանալ հարցի էությանը։
Այնուհետ լրագրողների հետ զրույցում Սաթիկ Խլղաթյանն ասաց.
«30 միլիոն դրամները, որ հատկացվում են, պետք է հաշվի նստեն նաև Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ։ Այդ ընտանիքները ստանում են ամսական ընդամենը 30 հազար դրամ։ Եթե ողջ են ազատամարտիկի այրին և ծնողները, այդ գումարը կիսվում է։ Հիմա կառավարությունն ասում է, որ եթե նախկին կառավարության օրոք այդպես ապրել եք, հիմա էլ ապրեք։ Բայց մենք սպասելու ենք վարչապետին, մեր դիմումը մեկ ամիս է՝ կառավարությունում է։ Ակնկալում եմ, որ վարչապետը կընդունի մեզ և հարցերին լուծում կտա»։