11/10/2019 10:17
«Ժողովուրդ». Հայկ Մարությանը, շրջանցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բեկումնային որոշում է կայացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Գործադիրն այս տարվա օգոստոսի 8-ի նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ենթադրվում էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մինչև «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի միակողմանի լուծումը այդ հարցը կքննարկեր վերադաս մարմին համարվող նախարարության հետ: Այնինչ քաղաքապետ Մարությանը, փաստորեն, լրիվ միանձնյա է որոշել լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը` շրջանցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը, դիմելով քաղաքապետարանին, հետաքրքրվեց՝ քննարկվե՞լ է արդյոք նախարարության հետ «Սանիթեք»-ի հետ կնքած փաստաթուղթը լուծելու մասին որոշումը, թե՞ ոչ։ Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնում են, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչելը չի նշանակում, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը լուծելու որոշումները պետք է քննարկեր նախարարության հետ: և նույն սկզբունքով էլ, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկումներ չեն արել «Սանիթեքի» հետ աղբահանության և սանմաքրման պայմանագրերը կնքելիս: Ավելի պարզ ասած` քաղաքային իշխանությունն ասում է` ամենևին էլ պարտավոր չէին խնդիրը նախարարության հետ քննարկել:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում չեն ողջունում քաղաքապետի մենիշխանությունն այս հարցում։ Այսինքն` Հայկ Մարությանը բեկումնային այս որոշումը կայացնելիս պարզապես շրջանցել է վերադասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։