14/10/2019 18:05
Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի
Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ Արարատի մարզպետարանի։
Հիշեցնենք՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշում էր կայացրել Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին, երբ վերջինս արձակուրդում էր և համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Արտակ Հարությունյանին։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Նորայր Գրիգորյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ վիճարկման հայցադիմում են ներկայացրել.
«Վիճարկել ենք ավագանու արձանագրությունը և դրա հիման վրա կայացրած մարզպետի կարգադրությունը՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին», - տեղեկացրեց Մակինյանը։
Վիճարկման հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Փաստաբանն ասաց, որ վարչական դատավարության օրենսգրքի կոնկրետ վկայակոչմամբ՝ վիճարկման հայցադիմումը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող ակտի գործողությունը, այսինքն՝ տվյալ ակտերը չեն կարող լինել օրինական։
«Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման օրինակը մենք գրությամբ ուղարկել ենք Արարատի մարզպետին, միջնորդությամբ՝ կարգադրություն արձակել իր կարգադրությունը վերացնելու մասին։ Պետք է վերականգնվի նախկին փաստական իրավական վիճակը, մինչև սույն վեճի վերաբերյալ վարչական մարմնի հետ դատարանը որոշում կկայացնի», - ասաց Ամրամ Մակինյանը։