15/10/2019 17:35
Պետական լեզուն ոտնահարողը գլուխը պատով է տալիս, այդպիսի մտածողություն ունեցողն ազգի դավաճան է. Լավրենտի Միրզոյան
Հայկական կրթության հիմքն ազգային դպրոցն է, իսկ ազգային դպրոցն առանց հայոց լեզվի և հայ գրականության գոյություն ունենալ չի կարող։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց լեզվաբան Լավրենտի Միրզոյանն՝ անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության որոշմանը, որի համաձայն բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:
«Ով այդպիսի նախաձեռնություն է հանդես բերում, գլուխը պատով է տալիս, այդպիսի մտածողություն ունեցողն ազգի դավաճան է, թշնամի։ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, և հայարենի ուսուցումը պարտադիր է հանրակրթության և բուհական կրթության ոլորտներում։ Հայոց լեզուն պարտադիր է՝ նախակրթարանից մինչև բարձրագույն ուսումնական հատատություն», - ասաց մեր զրուցակիցը՝ պատրաստակամություն հայտնելով իր դժգոհությունը բարձրաձայնել ընդհուպ նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մոտ։
Լավրենտի Միրզոյանի խոսքով՝ բուհերում հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունը ոչ պարտադիր հիմունքներով դասավանդելու հարցը պետք է հանրային լայն քննարկման դրվի, ոչ թե նախարարության կողմից միանգամից ներդրվի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
«Հանրայն քննարկումներ պետք է լինեն, ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ համալսարաններում հայերեն անցնե՞ն, թե՞ ոչ։ Հարցը հանրաքվեի պետք է դրվի։ Եթե հայոց լեզուն երկրորդ պլան է մղվում, ապա ո՞րը պետք է լինի առաջին պլան մղվածը՝ անգլերե՞նը կամ ռուսերե՞նը։ Ինչպե՞ս է հնարավոր պետական լեզուն երկրորդ պլան մղել։ Ո՞վ է թույլ տվել ոտնահարել պետական լեզուն», - վրդովմունք հայտնեց լեզվաբանը։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի: Համենայնդեպս, սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի:
Հատկանշական է, սակայն, որ ավելի քան 15 տարի առաջ ընդունված ու մինչև այսօր գործող օրենքով «անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: