15/10/2019 15:31
Ես պատրաստ էի երեխային օգնել, բայց հարազատների բռնած ձևի համար դա տեղի չի ունեցել. Դավիթ Սանասարյան (Տեսանյութ)
Ես պատրաստ էի երեխային օգնել, բայց հարազատների բռնած ձևի համար դա տեղի չի ունեցել։ Վստահ եմ՝ վաղ թե ուշ ամեն ինչ պարզ է լինելու, մեղավորները պատասխան են տալու, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։
Հատկանշական է, որ Դավիթ Սանասարյանն ուղիղ հեռարձակումը կազմակերպել էր ճիշտ նույն վայրից, որտեղ շուրջ մեկ ամիս առաջ տեղի է ունեցել երեխային մեքենայով հարվածելու դեպքը։
Նա կրկին հավաստիացրեց, որ 9-ամյա երեխան ինքն է անսպասելի շարժվել մեքենայի ուղղությամբ և վնասվածքներ ստացել։
«Միանգաամից կանգնեցրել եմ մեքենան, մոտեցել եմ։ Տարածքում մարդիկ կային, մոտեցել են։ Երեխային աջակցություն ենք ցուցաբերել, ուզեցի շտապօգնություն կանչեմ, երեխան լացելով ձեռքս բռնեց, խնդրեց, որ չկանչեմ։ Մոր հեռախոսհամարը տվեց, զանգեցի, ներկայացրեցի տեղի ունեցածը», - պատմեց Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ արդեն հիվանդանոցում երեխայի հարազատները թույլ չեն տվել ոստիկանություն զանգահարել։
Նա միաժամանակ նշեց, որ բուժհաստատությունում երեխայի ոտքին գիպս դնելուց հետո միմյանց հրաժեշտ են տվել։
«Ինձ ներկայացնում են, որ բժիշկների վրա ազդել եմ։ Դա կատարյալ սուտ է։ Ամեն օր կապի եմ դուրս եկել, հետաքրքրվել եմ երեխայով։ Երբ ասացի, որ որևիցե գումար չեմ տալու, ասացին, որ լրագրողներին կպատմեն։ Ասացի, որ որևէ վախենալու բան չունեմ», - պատմեց Սանասարյանը։
Նա կոչ արեց չփորձել իր վրա «կեղտ բռնել», իր հանդեպ ստորություն անել։
Վերջում նա տեղեկացրեց, որ գնալու է ոստիկանություն, գրավոր հաղորդում է տալու շորթման հոդվածով առ այն, որ իրեն վախեցնելով՝ ցանկացել են գումար ստանալ։