16/10/2019 18:09
Քրոնիկ հոգնածություն, ցավեր, ողնաշարի մկանների անհամաչափ զարգացում. դպրոցական պայուսակների ծանրության հետևանքները (Տեսանյութ)
Քրոնիկ հոգնածություն, ցավեր, ողնաշարի մկանների անհամաչափ զարգացում, կեցվածքի շեղում. ահա թե դպրոցականների մոտ ինչ խնդիրներ կարող է առաջացնել չափից ավելի ծանր պայուսակը։
Դպրոցահասակ երեխաների ծնողները պարբերաբար դժգոհում են՝ երեխաները դժվարանում են պայուսակները դպրոց տանելիս, հաճախ հենց ծնողներն են օգնում երեխաներին այդ հարցում։
Aysor.am-ի թղթակիցը տարբեր տարիքի աշակերտների պայուսակներ է կշռել: Պարզվել է, որ դրանք նախատեսվածից գրեթե կրկնակի ծանր են։
Հիշեցնենք, որ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի որոշմամբ սահմանվել էր դպրոց բերվող դասագրքերի և գրենական պիտույքների ընդհանուր քաշը։
«Աճող օրգանիզմին խորհուրդ չի տրվում երկար ժամանակով կրել իր մարմնի քաշի 10 տոկոսից ավելի ծանրություն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժնի վարիչ Արա Այվազյանը։
Նրա խոսքով՝ վաճառվող պայուսակների մեծ մասն էլ օրթոպեդիկ հարմարություն չունեն և ծանրությունը հավասարապես չեն բաշխում ողնաշարի վրա։
«Անհավասար բաշխելով այդ զանգվածը մարմնի վրա, անհարմար պայուսակներն առաջացնում են կրկնակի ծանրաբեռնվածություն», - ասաց վնասվածքաբանը։
Բժշկի խոսքով՝ պայուսակի ծանրությունից լուրջ առողջական խնդիրներ քչերի մոտ կարող են առաջանալ, հիմնականում այն առաջացնում է ցավային սինդրոմներ. քրոնիկ հոգնածություն, ցավեր, ասիմետրիկ ծանրաբենվածության հետևանքով ողնաշարի մկանները կարող են հավասարապես չզարգանալ, երեխայի մոտ կարող է կեցվածքը շեղվել։
«Պետք է ոչ միայն հարմար պայուսակ ընտրել, այլ նաև՝ դրա զանգվածը փոքրացնել», - ասաց Արա Այվազյանը։
Հարցին, թե ո՞րն է խնդրի լուծումը, մանկական վնասվածքաբանը պատասխանեց.
«Խնդրի ամենահեշտ լուծումը կլինի այն, որ դասագրքեր լինեն նաև դպրոցում, որպեսզի երեխաները ստիպված չլինեն դրանք ամեն օր տնից դպրոց տեղափոխել»։
Ծնողները հաճախ մտավախություն են ունենում նաև, որ պայուսակների ծանրությունը կարող է երեխաների մոտ սկոլիոզ հիվանդությունն առաջացել։ Վնասվածքաբանը, սակայն, հերքում է, նշելով, թե սկոլիոզ հիվանդություն չի կարող առաջացնել թույլատրելիից ավելի ծանր պայուսակ կրելը։
«Բայց եթե երեխան ունի սկոլիոզ հիվանդություն, դա կարող է խորացնել այդ հիվանդությունը։ Եթե երեխան ճկուն է արդեն որոշակի թեքվածություն ունի, այն կարող է մեծանալ։ Ողնաշարի սյանը և երեխայի գերծանրաբեռվածությունը բերելու է առկա հիվանդությունների սրացման»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։