17/10/2019 15:17
Փոխարտգործնախարարը Կորեայի դեսպանին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի լուծման շուրջ հայկական կողմի մոտեցումները
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Լի Սոկ-Բեն (Lee Sok-bae) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի սերտացման և առկա ներուժի իրացման համար։
Հանդիպման ընթացքում Ավետ Ադոնցը և Լի Սոկ-Բեն քննարկել են երկու երկրների միջև զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային խնդիրների: ԿՀ դեսպանը ներկայացրել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի շուրջ տիրող իրավիճակը։ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները։