17/10/2019 12:46
Որքան ֆիզիկապես պատրաստված լինի ոստիկանը, այնքան առավել պաշտպանված կլինենք բոլորս. Էրիկ Օհանյան
Երեկ լուսադեմին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Երևանում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց մեկ ոստիկան, մեկ ոստիկան էլ վիրավոր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Հանցագործի զոհ դարձած 38-ամյա Տիգրան Առաքելյանն ամուսնացած էր, խնամքին ուներ երկու անչափահաս զավակ:
Սպանության փաստը վշտացրել ու մեկտեղ անհանգստացրել է նաև Արևելյան մարտարվեստների վարպետ, մարզիչ Էրիկ Օհանյանին, ում կարծիքով, ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից պետք է հատուկ մարզավիճակում լինի ու կարողանա ուրիշներին պաշտպանելուց զատ նաև ինքնապաշտպանվել:
«Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ զոհված ոստիկանի ընտանիքին: Կարծում եմ՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնենք ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատանքային գործողություններին, չէ՞ որ նրանք առաջնագիծ են պահում: Եթե ՊՊԾ գնդի պարեկային ծառայությունը հատուկ ջոկատային չի կոչվում, ուրեմն նրանց պետք չէ՞ հատուկ միջոցներով մարզումներ: Հենց այդ բացթողման, ու թավշյա հեղափոխության շրջանում ոստիկանի իրավուինքի «թուլացման» արդյունքում է, որ տեղի են ունենում այսպիսի մահացու դեպքեր: Էլ չասեմ, որ համասեռամոլները կարողանում են մտնել ոստիկանության բաժին և ծեծի ենթարկել հերթապահ ոստիկաններին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էրիկ Օհանյանը:
Մարզիչն առաջարկ ունի՝ ուժային բոլոր կառույցների ծառայողները, այդ թվում՝ ՊՊԾ-ի աշխատակիցները, կամ իրենց ստորաբաժանումներում, կամ էլ՝ տարածքի սպորտդպրոցներում մարզումների ժամեր ունենան, հրավիրվեն հատուկ մասնագետներ՝ նրանց մարզելու համար:
Էրիկ Օհանյանն, ում մի քանի տարի առաջ վստահված էր ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի մարզումները, հիմա էլ պարաստ է իր ներդրումն ունենալ ոստիկաններին էլ ավելի մարզված վիճակի բերելու գործում:
«Ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (ԱրևԵլյան մարտարվեստների բաժին), բռնցքամարտիկ եմ (վարպետի թեկնածու), կարատեիստ (սև գոտի 3-րդ դան), «Մուայ թայ»-ի վարպետ եմ, «Wing Tsun»՝ 2-րդ կարգ, խորացված ուսումնասիրել եմ «Grappling», «Aykido», ու, բնականաբար, պատրաստ եմ այնպես անել, նաև՝ այնպիսի մարզիչներ հրավիրել, որ մեր օրինապահները տիրապետեն մի քանի մարզաձևերի ու ծառայության ժամանակ առավել պատրաստված լինեն: Պայմանագիր թող կնքվի, ու մարզիչն իր առավոտները սկսի հենց ոստիկանությունից. Ոստիկանության աշխատակիցը ժամը 9:00-ին շենք մտնելուց հետո թող առաջինը մարզասրահ գնա, 1 ժամ մարզվի ու անցնի իր հիմնական աշխատանքին: Շաբաթական 2 օր մարզվելու դեպքում նա կտիրապետի մարտարվեստի բազմաթիվ հնարքների… Մի բան հաստատ է՝ ուժային կառույցներում պարտադիր պետք է մարզումներ անցկացվեն, եռամսյակը մեկ քննություն պետք է լինի, տարեկան կտրվածքով էլ՝ խրախուսում: Ընդգծեմ, որ ոստիկաններին պետք է մարզել ոչ թե մրցաշարերի, այլ՝ հատուկ միջոցների համար: Հայաստանի Հանրապետությունում արևելյան մարտարվեստների շուրջ 350 տեսակներ կան, ու դրանք կարող են օգտակար լինել այս միջոցառումների համար», - ընդգծեց նա:
Մեր զրուցակիցը նկատում է՝ ոստիկանական համակարգում այսօր էլ մարզվող տղաներ շատ կան, ովքեր դա անում են իրենց անձնական միջոցներով՝ անհատական պարապմունքներով:
«Ինչո՞ւ չենք կարողանում ոստիկանությունում հաստիք բացել ու հատուկ դեպքերի համար մարզումները անցկացնել», հարց է տալիս մարզիկն ու ևս մեկ անգամ շեշտում՝ որքան ֆիզիկապես պատրաստված լինի ոստիկանը, այնքան առավել պաշտպանված կլինի թե՛ ինքը, թե՛ հասարակությունը:
«Վստահ եմ, համակարգի այն տղաները, ովքեր կկարդան այս հարցազրույցը, կհամաձայնվեն ինձ հետ ու պատրաստակամ կլինեն մարզվելու», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էրիկ Օհանյանը: