21/10/2019 15:04
Մետրոյի նոր կայարանի կառուցումը նախատեսվում է մասնավոր ներդրումների միջոցով. Հակոբ Կարապետյան
Միայն Երևանի վարչական շրջաններից մեկը որոշ ժամանակով ղեկավարելը բավարար երաշխիք չէ քաղաքային տնտեսության վերաբերյալ պատկերացումներում որոշակիություն մտցնելու և որակյալ վերլուծություններ անելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով վերջինս հայտնում է, որ քաղաքապետը խաբել է՝ մետրոյի նոր կայարան չի կառուցվելու։
«Երբ խոսել ենք մետրոյի նոր կայարանի կամ մետրոպոլիտենի ցանցի զարգացման մասին, վարկային ծրագրերի մասին չենք նշել։ Շատ հստակ և պարբերաբար ասվել է, որ սա նախատեսվում է անել ներդրումային ծրագրի, մասնավոր ներդրումների միջոցով։ Այո, ՎԶԵԲ-ը վարկային ծրագիր ունեցել է, որը վերաբերում էր մետրոպոլիտենի սպասարկմանը։ Ես ստիպված եմ ցավով արձանագրել, որ պարոն Բաղդասարյանը կամ տեղյակ չէ այդ հարցին կամ հանրությանը մոլորեցնելու նպատակ ունի», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ այս պահին որևէ հստակ նորություն կա՞ մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման գործընթացից, Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ էսքիզային առաջարկներն արդեն իսկ պատրաստ են, և պոտենցիալ ներդրողների հետ բանակցություններ են ընթանում։
«Ավելի մանրամասն տեղեկատվություն այս պահին չենք կարող հաղորդել, բայց հուսով ենք, որ հանրությանը երկար սպասեցնել չենք տա», - ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ վստահ կարող է պնդել՝ Երևանի գործող քաղաքապետը խաբել է մայրաքաղաքի բնակիչներին՝ մետրոյի կայարան չի կառուցվելու։