22/10/2019 11:37
ԱԺ-ն պետք է լուծի վարձու աշխատողների բժշկական կամավոր ապահովագրության հարցը. Թանդիլյան
Գործող Ազգային ժողովը պետք է լուծի վարձու աշխատողների բժշկական կամավոր ապահովագրության հարցը, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Այսօր կան ապահովագրական ընկերություններ, որոնք մատուցում են առողջապահական ապահովագրական ծառայություններ։ Մենք հնարավորություն ունենք, նախքան համընդհանուր բժշկական ապահովագրության անցում կատարելը, ոլորտին զարգանալու հնարավորություն տալ։
Խոսքը վերաբերում է եկամտային հարկից նվազեցման հնարավորությանն առ այն, որ վարձու աշխատողները, ովքեր սեփական կամքով ապահովագրություն կիրականացնեն, իրենց եկամտային հարկից մինչև 50 հազար դրամի չափով այդ գումարը կնվազեցվի»,- նշեց պատգամավորը։
Մանե Թանդիլյանը շեշտեց՝ սա հնարավորություն է, որը հետո չենք ունենալու, այնպես որ՝ կարևոր է աստիճանական անցում կատարել այդ համակարգին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն, ի պատասխան, նկատեց, որ եկամտային հարկի հաշվին ինչ-ինչ հարցեր լուծելու մշակույթը սխալ է։