22/10/2019 10:54
Հարկային օրենսգրքի սահմանափակումները խոչընդոտում են բազմանդամ ընտանքիներին հիպոտեկային վարկերը հաշվանցել եկամտային հարկերից. Թանդիլյան
Հարկային օրենսգրքում առկա որոշ սահմանափակումները խոչընդոտում են բազմանդամ ընտանքիներին սեփական աշխատավարձով հիպոտեկային վարկերը հաշվանցել իրենց եկամտային հարկերից։ ԱԺ այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Բայց սա դեռ ամբողջ խնդիրը չէ։ Սահմանափակումները խնդիրներ առաջացնում են նաև կառուցապատողների համար, երբ ճարտարապետական հարցեր են առաջանում։ Հասկանալով, որ կան սահմանափակումներ՝ նրանք սկսում են լուծումներ գտնել, որոնք ամենալավը չեն», - ընդգծեց նա։
Մանե Թանդիլյանը նշեց, որ խնդիրներ են առաջանում նաև չարաշահումների տեսանկյունից։
«Գները գրվում են ավելի ցածր, քան շեմն է՝ հասկանալով, որ այդ շեմից բարձր քաղաքացիները չեն կարողանում ձեռք բերել։ Ակնհայտորեն այստեղ կորցնում ենք թե ԱԱՀ, թե շահութահարկ», - ասաց պատգամավորը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր հերթին նկատեց, որ եթե օրենքում սահմանափակումներ չլինեն, շուտով պետական բյուջեի միջոցները չեն բավարարի եկամտային հարկը վերադարձնելու համար։