23/10/2019 16:59
Հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը. վարչապետ
ԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխավարձերը գաղտնի բարձրացնելու հանձնարարականի մասին։
Մարուքյանը նշեց, որ խնդիր է տեսնում գաղտնիության մեջ, մինչդեռ պարգևավճարներին դեմ չէ։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ որոշման արդյունքում ոմանց աշխաավարձերն իջել են, ոմանցը՝ բարձրացել։
«Մենք այս պրոցեսը տարել ենք հրապարակային։ Որևէ տեղից փող չենք կտրել՝ աշխատավարձերը բարձրացրել։ Դա արվել է անհարմար վիճակը հանելու համար, որ պաշտոնյան ինքն իրեն պարգևատրի», - ասաց գործադիրի ղեկավարը։
Էդմոն Մարուքյանն հետաքրքրվեց՝ ինչու՞ է աշխատաարձերի բարձրացումը գաղտնի կատարվել։
«Խոսել գաղտնիության մասին տեղին չէ։ Նախարարն ամեն տարի լրացնում է հայտարարագիր։ Որ գաղտնի է գնացել, զուտ ներքին աշխատանքային ընթացակարգ է եղել։ Եթե այդ ամնեը գնացել է գաղտնի գրիֆով, չի նշանակում, որ հանրությունից գաղտնի է արվել։ Մեր նախարարները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան։ Թե ինչու այդ պահին չենք հայտարարել, նույնն է, որ ասենք՝ այս ամիս էլ պարգևավճար տվեցինք, հաջորդ ամիս էլ տվեցինք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը միաժամանակ նշեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը։ Ավելին՝ բարձրանալու է նաև 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը։