23/10/2019 13:42
ՀՀ կառավարությունը Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող նախագիծը բավարար հիմնավորված չի համարում
ՀՀ կառավարությունը բավարար հիմնավորված չի համարում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի՝ Սևանա լճի վերաբերյալ ներկայացրած նախագծի ընդունման անհրաժեշտությունը: Գործադիրի դիտարկումները խորհրդարանում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է բացառել Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խ/մ ավելի ջրառի հնարավորությունը:
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագրի 6.1 կետի առաջին պարբերության թե՛ գործող նորմի, թե՛ նախագծով առաջարկվող լրացման ընդունման պայմաններում շարունակելու է գործել նույն կետի երկրորդ պարբերությունը, որի համաձայն տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ կառավարությունը օրենքով սահմանված կարգով կարող է ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխման մասին ժամանակավոր ծրագիր:
ՀՀ կառավարությունն այս ժամանակում գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ ներկայացված հիմնավորումներով», - ասաց Վարդան Մելքոնյանը: