25/10/2019 10:37
«Հրապարակ». ԱԺ-ում պատգամավորները նկարվում են Վիքիպեդիայի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է` ԱԺ-ում աժիոտաժ է․ ֆոտոսեսիաներ են ընթանում, պատգամավորները նկարվում են` տարբեր պոզաներով, ավելի հայրենասերները` ՀՀ դրոշի ներքո: Պարզվում է` Վիքիպեդիայի համար է արվում։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, ով այս օրերին Արարատ Միրզոյանի հետ Ստրասբուրգում է, նամակով դիմել է բոլոր ֆրակցիաներին` նկարվելու, որ Վիքիպեդիայում տեղադրեն:
Որքա՞ն գումար է տրամադրել ԱԺ-ն այդ գործի համար՝ չկարողացանք ճշտել։ Պատգամավորներին անմահացնող լուսանկարիչներն ասացին` անվճար ենք անում։ «Մենք կամավորական հիմունքով ենք աշխատանքը կատարում՝ Վիքիպեդիայում խմբագրական բլոկներ ունենք»: Հրաժարվողներ կա՞ն։ «Ոչ, մեկ-մեկ ասում են` տեսքներս լավ չի` վաղը նկարեք»: Ի դեպ, ըստ էության, ԱԺ պատգամավորների, հատկապես «Իմ քայլի» մեծ մասը, բացի նկարից, որևէ բան չի ունենա Վիքիպեդիայում ներկայացնելու, որովհետև անցած ուղի, աշխատանքային կենսագրություն չունի»: