26/10/2019 10:21
«Հրապարակ». ՊԵԿ-ը ստուգումներ է անում Ամուլսարի թեմայով քննադատական կարծիք հնչեցնելուց հետո
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հորն ու եղբորը պատկանող օբյեկտում շուրջ 2 ամիս է՝ ՊԵԿ-ը ստուգումներ է անում։ Ճիշտ այն պահին է հարկայինն այցելել Սևանի ափին գտնվող հյուրատուն, երբ պատգամավորն Ամուլսարի թեմայով քննադատական կարծիք հնչեցրեց։
Երեկ մեր լրագրողի հետ զրույցում Կարապետյանը չի հերքել ստուգումների փաստը, սակայն բացառել է քաղաքական ենթատեքստը և հերքել, թե դա որպես մահակ է օգտագործվում իր գլխին.
«Ստուգումներից մեկն ավարտվել է, մեկն ընթացքի մեջ է, բայց ես դա նորմալ գործընթաց եմ համարում և չեմ համարում քաղաքական։ …Միաժամանակ բոլոր օբյեկտներում են ստուգումներ սկսել, ես չեմ գտնում, որ դա հատուկ իմ գործունեությամբ է պայմանավորված։ Եթե միայն մեկը լիներ, ապա կասեի՝ այո»։ Թե ինչ են հայտնաբերել ստուգումների արդյունքում, պատգամավորը տեղյակ չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։