28/10/2019 13:56
Այդպիսի բան չի եղել չէ՞, որ ԱԺ-ից ինչ օրենք ուզեք անցկացնել, չանցնի, բայց սենց չի լինի, ցուցանիշները շատ քիչ են. Մելքումյանը՝ Ջանջուղազյանին
Խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգմավոր Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից, թե արդյոք հեղափոխությունից հետո պահպանվել է ներդրումներ անելու ցանկությունը:
«Հետհեղափոխական շրջանում դրական սպասումները հատկապես ներդրումների մասով շատ մեծ են լինում: Անմիջապես հեղափոխությունից հետո տեսանք, որ ամբողջ աշխարհի հայությունը գալիս էր Հայաստան՝ ներդրումներ անելու, հիմա այդ ոգևորությունը կա՞ այս փուլում, թե՞ոչ», - հարցրեց Մելքումյանը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչն է խանգարում ներդրումային նպաստավոր դաշտ ստեղծելու համար՝ նկատելով.
«Այդպսի բան չի եղել չէ՞, որ ԱԺ-ից ինչ օրենք ուզենաք անցկացնեք, չանցնի: Այսինքն՝ բոլոր հնարավորությունները կան, հեղափոխությունը եղել է, ինչ օրենք ձեզ պետք է, անցկացնում եք ու հլը ասում եք, որ պիտի հարմարվենք, բայց սենց չի լինի, ցուցանիշները շատ քիչ են», - ասաց Մելքումյանը:
Ի պատասխան Ջանջուղազյանը նախ նշեց, որ չափազանցված է տեղեկատվությունը, թե իբր իրենց ինչ օրենք պետք է, անցկացնում են, ապա հավելեց, որ ներդրումների մասին հայտարարություններ անելն ու կոնկրետ քայլերի դիմելը տարբեր բաներ են:
«Ներդրումների մասին խոսելը, մտադրություն հայտնելը և կոնկրետ գործողություն անելը տարբեր բաներ են: Այն, ինչ Դուք ասում եք սկզբնական փուլի մասով, վերաբերում է խոսելուն», - ասաց նախարարաը՝ հավելելով, որ ներդրումը չի նշանակում աջակցություն, այլ ենթադրում է, որ ներդրողը պիտի ներդրած տեղից արդյունք ունենա:
Ջանջուղազյանը նաև հավելեց, որ ներդրումների համար անհրաժեշտ է կապիտալի շուկայի ձևավորում, որի ուղղությամբ քայլեր են արվում: