29/10/2019 13:14
Ձեր պաշտոնավարման նպատակահարմարությունը հարցեր է առաջացնում. Մանե Թանդիլյանը՝ Էրիկ Գրիգորյանին
ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քննադատեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, մասնավորապես, հարցեր ուղղելով նախարարին, թե ով է մեղավոր նախարարության ոչ պատշաճ աշխատանքի համար:
Թանդիլյանը պնդեց, որ 2020 թվականից օրենքի համաձայն՝ բնապահապանական ծրագերի գծով յուրաքանչյուր տարվա պետբյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով փաստացի հանրագումարը:
«2020 թվականին այս հաշվարկի արդյունքում պետք է մոտ 54 մլրդ դրամի բնապահպանական ծախսերի ծրագրեր ներառված լինեին 2019-ի 40 մլրդ դրամի համեմատ, այնինչ ընդհամենն ունենք 16 մլրդ գումար, մոտ 40 մլրդ-ով նվազ», - ասաց Թանդիլյանը՝ ավելացնելով.
«Չեմ կարողանում այդպես էլ հասկանալ, որ օրենսդրի կողմից եզակի երաշխիք ունեցող ծախսը չեք կարողանում ի կատար ածել: Սա եզակի հնարավորություն է, որ դուք օրենսդրի կողմից նախատեսված երաշխիքով այնպիսի ծախսեր իրականացնեք, որը բնապահպանական խնդիները կկարողանա լուծել կամ մեղմել: Ո՞վ, ըստ Ձեզ, պատասխանատվություն պետք կրի օրենքի խախտման համար. Դո՞ւք, որ ծրագիր չեք ներկայացրել, ֆինանսների նախարարությո՞ւնը, որ մերժել է ծրագիրը, թե՞ կառավարությունը»:
Ի պատասխան նախարարն ասաց, որ օրենքի հոդվածի ձևակերպման հետ կապված որոշակի մեկնաբանությունների կարիք կա.
«Մասնավորապես սպետք է պարզաբանել՝ բնապահպանական բնօգտագործման համարգումարը ռոալթի ներառում է, թե ոչ, որովհետև ռոյալթին ֆինանսական գործիք է ու առանց դրա ներառման այդ գումարը փոքր թիվ է կազմում»:
Թանդիլյանն էլ արձագանքեց, որ նորմալ է, երբ ռոյալթիներից են գոյանում նման վճարները, քանի որ դրանք են վնաս պատճառում շրջակա միջավայրին ու հենց դրանք էլ պետք է ուղղվեն:
«Այլ բան է, որ Դուք չգիտեմ՝ որտեղ, ինչ մեկնաբանություն եք ման գալիս: Ինձ համար տարօրինակ պատասխան եք հնչեցնում: Եթե չգիտեք՝ տեղեկացնեմ, որ արդարադատության նախարար ձեր գործընկերոջն էլ ասեք ինքն էլ կասի՝ այն օրենքը, որ ավելի վաղ է ընդունվել, նա է ուժի մեջ, բայց եթե այս պահին այս օրենքը ընդունվի, կա հակասություն և ուժի մեջ լինելու է այս օրենքը, որը Ձեզ պարտադրելու է բերել բնապահպանական ծրագրեր իմ ասածի չափով, և եթե Դուք պատրաստ չեք ծրագրեր իրականացնել կամ ֆինանսների նախարարը դա պատրաստ չէ ընդունել, կներեք, բայց ինձ մոտ Ձեր պաշտոնավարման նպատակահարմարությունը հարցեր է առաջացնում: Դուք լուրջ պետք է վերաբերվեք այս հարցին և ներկայացնեք ծրագրեր մինչև վերջնական բյուջեի հաստատումը», - ասաց Թանդիլյանը: