29/10/2019 16:36
Ողջի գետում ծանր մետաղներ կան. նախարար
Ենթադրում եմ, որ Ողջի գետի աղտոտվածության հարցով քրեական պատասխանատվություն կլինի, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով՝ հոսքաջրերի Ողջի գետ լցվելուն:
Նրա խոսքով, Հայաստանում բնապահպանական իրավախախտումների մասով Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն է ամբողջ վարչարարությունն իրականացնում.
«Յուրաքանչյուր խախտում, որին դուք ականտես եք լինում, ուղիղ հասցեատերը տեսչական մարմինն է: Այդ մարմինը նմուշառումն իրականացրել է, հետազոտություններն իրականացրել է, անալիզները վերցրել է»:
Հարցին, թե ի՞նչ է պարզվել այդ անալիզների արդյունքում, նախարարը պատասխանեց, որ որոշակի մետաղների, ալյումին, երկաթի կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները:
«Մի քանի հետազոտություն կա, որ օրգանական մասով է և մեկ օրում հնարավոր չէ իրականացնել, 3-4 օր է տևում: Ենթադրում եմ, որ դեռ չեն ավարտել: Վնասը հաշվարկվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ բանաձևերով: Եթե վնասը գերազանցում է որոշակի չափաքանակ, ապա քրեական պատասխանատվություն է նախատեսված աղտոտողների համար: Եթե ոչ, վարչական պատասխանատվություն է ենթադրում:
Այն տվյալները, որոնք ես տեսնում եմ, թեև վերջնական հաշվարկը դեռ չկա, ենթադրում եմ, որ այո՛, վնասը գերազանցում է և քրեական պատասխանատվություն կլինի: Եթե վնասը գերազանցում է չափը, դա փոխանցվում է դատախազություն, և դատախազությունն արդեն քրգործի շրջանակներում իր գործունեությունն է իրականացնում: Գետում ծանր մետաղներ են, որոնք օրգանիզմների համար, էկոհամակարգերի համար որոշակի վնասակարություն են ենթադրում՝ կախված իրենց խտությունից», - ասաց նախարարը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ որքա՞ն պետք է կազմի վնասը, որ գործը փոխանցվի դատախազություն, նախարարը պատասխանեց՝ օրենսդրության մեջ անհստակություն կա.
«Էական վնասն այս պարագայում քրեական օրենսգրքով նշված է 500-ապատիկի չափով, այսինքն՝ 500 հազար դրամ»:
Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունենում բնությանը պատճառված մնասի վերականգնումն, Էրիկ Գրիգորյանը նշեց, որ պատկան մարմինները կարող են սեփականատերերին պարտավորեցնել բնությունը բերել նախկին տեսքին:
Հարցին, թե պետական ո՞ր մարմինն է պատասխանատվության ենթարկվելու, որ պատշաճ չի վերահսկել, որ նման դեպքեր չլինեն, Էրիկ Գրիգորյանն արձագանքեց.
«Նման վթարների համար պատասխանատուները կոնկրետ տնտեսվարողներն են, սակայն կան պետական որոշակի լծակներ։ Քաջարանից 32 կմ խողովակաշարով պոչամբարի ամբողջ խյուսը մղվում է Արծվանիկի պոչամբար: Այդ համակարգը կառուցվել է 1977 թվականին: Նախկինում ևս վթարներ եղել են և որոշակի խնդիրներ, այո՛, կան»: