30/10/2019 09:50
«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում է Եղվարդում արտահերթ ընտրությունների հասնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդում ցանկանում է նոր ընտրությունների հասնել՝ չնայած 2 տարի առաջ 5 համայնք միավորվել են Եղվարդին, ու համայնքապետի ընտրություն է կայացել, իսկ հաջորդ ընտրությունը 2022-ին է։ Համայնքի բնակիչներն ասում են, որ եկող տարի արտահերթ ընտրություններ են լինելու։ Թեկնածուն տեղացիների շրջանում առավել հայտնի է «Լեննականցի Վաղո» անվամբ։ Մինչ ընտրությունները Պետրոսյանը ծրագրում է փոխել համայնքի հիվանդանոցի, մարզադպրոցի տնօրեններին, որ ընտրությունների ժամանակ աշխատեն իր թեկնածուի օգտին։
Քննարկվում է արտահերթ ընտրությունների 2 ճանապարհ՝ կա՛մ պարտադրել գործող համայնքապետին դիմում գրել, կա՛մ գնալ էլի խոշորացման ճանապարհով։ Եղվարդի գործող համայնքապետ Նորայր Սարգսյանը հայտնեց, որ մարզպետի հետ ունի աշխատանքային հարաբերություն և չգիտի նոր ընտրության մասին։
«Ես չգիտեմ, խոշորացված համայնքը նորի՞ց են խոշորացնելու, որ պիտի ընտրություն լինի», - հարցին հարցով պատասխանեց նա։ Իսկ երբ հնչեցրինք անունը, թե ումով են իրեն ուզում փոխարինել, խնդրեց, որ այլևս չշարունակենք։