31/10/2019 11:34
Ավելի հեշտ կլինի ասել, թե ուր չենք այցելելու՝ Անտարկտիդա, Կենտրոնական և Հարավային Աֆրիկա. Զարեհ Սինանյանը՝ իր գործուղումների մասին
Սփյուռքի գործերով հանձնակատարի ներկայացրած գործուղումների ծախսերը 2020 թվականի համար հարցեր են առաջացրել ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի մոտ:
Խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե, մասնավորապես, ո՞ր երկրներ են այցեր նախատեսվում, և արդյոք պահանջվող գումարը փոքր-ինչ շատ չէ:
«Գործուղումների թիվը շատ չէ, պատճառաբանված են: Մի շարք ծրագրեր կան, բայց դժվար է ասել՝ չնախատեսված ինչ այցեր կլինեն: Պարզվում է, օրինակ, որ հայահոծ համայնքում 100-ամյակ է ու պետք է պետական ներայացուցչություն լինի: Ուր չենք այցելելու, երևի ավելի հեշտ կլինի ասել: Չենք այցելելու Անտարկտիդա, չենք այցելելու երևի Կենտրոնական Աֆրիկայի տարածքների մեծամասնությունը, երևի Հարավային Աֆրիկա էլ, բացի դրանից էլ համարյա ամեն տեղ: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, մեր Սփյուռքը սփռված է աշխարհով մեկ: Դժվար է ասել, թե այդ 80-ը որտեղ են լինելու: Փորձում ենք պարզապես բավական բյուջե ունենալ, որ հետո տարվա կեսին էլի չգնանք գումար խնդրենք պետությունից», - ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ լինում են դեպքեր, երբ հրավիրող կողմը անձամբ է հոգում ծախսերը, ինչը հնարավորություն է տալիս հնարավորինս խնայողություններ անել: